Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը կասեցնում է իր ֆիլմերի ցուցադրումը Ռուաստանում, իսկ Warner Bros.-ը հետաձգել է ՌԴ-ում իր «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան` Ուկրաինայում իրավիճակի պատճառով։
Հայաստանի կինոթատրոնները վարձույթի համար հոլիվուդյան ֆիլմերը ստանում են Ռուսաստանից, դրանք ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ և ՌԴ-ում ֆիլմերի պրեմիերաների հետ գրեթե միաժամանակ։
«Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա և ողբերգական հումանիտար ճգնաժամը, մենք կասեցնում ենք ֆիլմերի ցուցադրումը ՌԴ-ում, այդ թվում` Pixar-ի «Ես կարմրում եմ» մուլտֆիլմի ցուցադրումը»,-ասվում է Disney-ի հայտարարության մեջ, գրում է Interfax-ը։
Նշվում է, որ հետագա բիզնես-որոշումներն ընդունվելու են՝ ելնելով իրավիճակի փոփոխությունից։
«Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի պատճառով WarnerMedia-ն կասեցնում է «Բեթմեն» ֆիլմի ցուցադրումը Ռուսաստանում։ Մենք կհետևենք իրավիճակի զարգացմանը։ Հուսով ենք, որ ողբերգությունն արագ և խաղաղ հանգուցալուծում կստանա»,-ասել է ընկերության ներկայացուցիչը։
«Բեթմեն» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում նկարահանվել է Ռոբերտ Պատինսոնը, ՌԴ-ում նախատեսված էր մարտի 3-ին։