1 մարտի 2022 - 17:36 AMT
Շոյգու․ Ռազմական գործողությունն Ուկրաինայում կշարունակվի «մինչև դրված նպատակներին հասնելը»

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ Զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում «մինչև դրված նպատակներին հասնելը»։

«Մեզ համար գլխավորը ՌԴ-ն ռազմական սպառնալիքներից պաշտպանելն է, որոնք ստեղծում են Արևմուտքի երկրները և փորձում են օգտագործել ուկրաինական ժողովրդին մեր դեմ պայքարում»,-ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն։

Նախարարը նաև հայտարարել է, որ «ռուսական բանակը օկուպացիայի չի ենթարկում ուկրաինական տարածքը և ձեռնարկում է բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար»։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։