Հայաստանը ձեռնապահ Է քվեարկել մարտի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ ՌԴ-ի ագրեսիան դատապարտող բանաձևի քվեարկությանը։
Այն դատապարտում է ՌԴ ներխուժումն Ուկրաինա և պահանջում դադարեցնել ռազմական գործողությունները՝ դուրս բերելով զորքն Ուկրաինայից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բանաձևին կողմ է քվեարկել 141 երկիր։
ՀՀ-ից բացի, բանաձևին ձեռնպահ է քվեարկել ևս 34 երկիր՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իրաքը, Կուբան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և այլ:
Դեմ է քվեարկել 5 երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։
12 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանն ու Ուզբեկստանը, չեն մասնակցել քվեարկությանը:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևերը պարտադիր չեն, դրանք ունեն քաղաքական նշանակություն։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։