Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, մարտի 2-ին ԱԺ-ում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, դրական է գնահատել փետրվարի 24-ին տեղի ունեցած ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։
Նա նշել է նաև, որ այդ հանդիպմանը քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան կարող էր լիներ առաջինը։
«Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների և վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, և, իհարկե, մեզ համար, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրորդ հանդիպման առումով ևս դժվար էր շատ շոշափելի արդյունք ակնկալել «հարյուրամյակների և տասնամյակների խնդիրների» լուծման առումով։
Միրզոյանն ասել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների 3-րդ հանդիպման մասին որոշում դեռ չի կայացվել։
Անդրադառնալով հնարավոր մասնակցությանն Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին՝ Միրզոյանն ասել է, որ այդ հարցում ևս որոշում դեռևս չկա, ինչը պայմանավորված է «աշխարհում սրընթաց զարգացումներով»։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նրանց 2-րդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների: