Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հեռանում է ընտրանուց։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ տվել է հավաքականին ամենը՝ ինչ կարող էր:
«Սիրելի ընկերներ, հիշում եմ՝ երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը, դա Պանամայի հետ ընկերական խաղում էր, և իմ առաջին գոլը աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Ցանկացել եմ հաղթել կարիերայիս յուրաքանչյուր փուլում, անկախ դժվարություններից։
Վերջին 15 տարիներին ինձ համար մեծ պատիվ էր իմ ազգային հավաքականում խաղալը և առավել ևս վերջին 6 տարիներին՝ ավագը լինելը:
95 միջազգային խաղից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականում իմ մրցելույթները:
Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ իմ մասնակցությամբ վերջին խաղից հետո։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է։ Հավաքականին տվել եմ ամենը՝ ինչ կարող էի»,-ասվում է գրառման մեջ:
Մխիթարյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնանալու է ակումբային կարիերայի վրա։
«Իմ ֆուտբոլային մեկնարկը Հայաստանում՝ իմ հայրենիքում է տրվել, և ես միշտ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, մարզել, ում հետ ես խաղացել եմ և յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայանալուն։ Հաջողություններ իմ հավաքականի՛ն։ Ընդմիշտ ձեր՝ Հենո», - գրել է Մխիթարյանը։