4 մարտի 2022 - 10:58 AMT
Լարսը փակ է․ Ռուսական կողմում մոտ 475 բեռնատար է կուտակվել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ճանապարհները։

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Մաստարա-Թալին ճանապարհներին բուք է։

Վայոց ձորի մարզում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք է), Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։