1 ապրիլի 2009 - 19:40 AMT
ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել
ԱՄՆ եւ Ռուսաստանը մտադիր են ռազմավարական միջուկային սպառազինության կրճատման մասին նոր պայմանագիր կնքել մինչեւ այս տարվա դեկտեմբեր, երբ լրանում է ներկայումս գործող համաձայնագրի ժամկետը: Այդ մասին ասվում է այսօր Լոնդոնում կայացած բանակցությունների արդյունքներով երկու երկրների նախագահների` Բարակ Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի ընդունած համատեղ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաեւ նշվում է միջուկային զենքի տարածման դեմ պայքարում համագործակցելու եւ երկկողմ տնտեսական հարաբերությունները ակտիվացնելու երկու երկրների ձգտումը: Օբաման ու Մեդվեդեւը պայմանավորվել են շարունակել Եվրոպայում անվտանգության հարցերով բանակցությունները եւ նպաստել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ կառուցողական երկխոսությանը:

Բարակ Օբաման ընդունել է այս տարվա հուլիսին Ռուսաստան այցելելու հրավերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: