1 ապրիլի 2009 - 19:59 AMT
«Ամերիաբանկ»-ը կազմակերպել է լիզինգային ծառայության շնորհանդես
«Ամերիաբանկ»-ը ընթացիկ տարվա մարտի 30-31-ը կազմակերպել է լիզինգային (ֆինանսական վարձակալության) ծառայության շնորհանդես` տնտեսության տարբեր ոլորտների խոշոր գործարարների մասնակցությամբ, որոնք հանրապետություն են ներմուծում փոխադրամիջոցներ, արդյունաբերական, բժշկական սարքավորումներ, շինարարական եւ առեւտրային ոլորտի տեխնիկա եւ այլ հիմնական միջոցներ: Այդ մասին հաղորդում է Ամերիաբանկի մամլո ծառայությունը: Շնորհանդեսի կազմակերպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը լուսաբանելու «Ամերիաբանկ»-ի կողմից առաջարկվող լիզինգային ծառայության պայմանները եւ առաջարկելու փոխշահավետ համագործակցություն, ինչպես նաեւ ներկայացնելու լիզինգային ծառայության առավելություններն ու կարեւորությունը ներկայիս ֆինանսական շուկայի պայմաններում:

Հաղորդագրության համաձայն, «Ամերիաբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում այն սակավաթիվ բանկերից է, որ մատուցում է լիզինգային ծառայություն: Բանկը սկսել է այդ ծառայության մատուցումը 2008 թվականի հունիս ամսից եւ նպատակ ունի ընթացիկ տարում այն առավել զարգացնել` առաջարկելով ծառայությունը տնտեսության բոլոր ոլորտների կազմակերպություններին` միաժամանակ ապահովելով ճկուն, մրցունակ պայմաններ: Շնորհանդեսի մասնակից «Լարի» պանիր արտադրողների իրավաբանական անձանց միության տնօրեն պարոն Արմեն Գիգոյանը նշեց, որ շնորհանդեսից գոհ է, առաջարկը հետաքրքրել է իրեն եւ հույս հայտնեց, որ համագործակցության ընթացքում, որը նա միանշանակ ակնկալում է, կառաջարկվեն առավել արդյունավետ եւ ճկուն պայմաններ, քան այսօր իրենք ունեն:

«ԱԲԲ» կոնցեռնի ֆինանսական տնօրեն պարոն Բաբկեն Ավետիսյանը մեկնաբանեց, որ իրենք շինարարական կազմակերպություն են, շատ մեծ քանակի տեխնիկա են ներմուծում, ունեն առաջարկներ Չինաստանից, Ամերիկայից եւ լիզինգային ծառայությունն իրենց հետաքրքրում է թե՛ իրենց համար ներմուծվող տեխնիկայի եւ թե՛ իրենց գնորդ գործընկերների ֆինանսավորման համար: Նա նաեւ հայտնեց, որ օգտվել են արդեն լիզինգային ծառայությունից եւ հույս հայտնեց, «Ամերիաբանկ»-ի հետ հետագա համագործակցություն` առավել բարենպաստ պայմաններով: Ընդհանուր առմամբ, շնորհանդեսի մասնակիցները նշեցին, որ «Ամերիաբանկ»-ի կողմից առաջարկվող լիզինգային ծառայության պայմանները բավականին ճկուն են եւ ենթադրում են արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: