7 մարտի 2022 - 15:23 AMT
Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Անթալիայում դիվանագիտական համաժողովը կայանալու է մարտի 11-13-ին։

Մարտի 3-ին ԱԺ-ում, անդրադառնալով հնարավոր մասնակցությանն Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին, Միրզոյանն ասել էր, որ այդ հարցում ևս որոշում դեռևս չկա, ինչը պայմանավորված է «աշխարհում սրընթաց զարգացումներով»։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։