Տեսադիտարկման սարքավորումներ են տեղադրվել Խրամորթ գյուղում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքական, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ հանգստյան օրերին ԱՐԱՐ հիմնադրամի թիմով Արցախում էին, որտեղ վերջին մի քանի ամիսների ընթացքում, Արցախի Անվտանգության խորհրդի հետ համագործակցելով, մի շարք նոր ծրագրեր են իրականացնում։
«Մեր ծրագրերի նպատակն է արդիականացնել Արցախի անվտանգության համակարգը, և դասեր առնելով անցած պատերազմի դառը փորձից, այն լավագույնս պատրաստել ապագայի նոր մարտահրավերներին։ Սա բարդագույն խնդիր է, հաշվի առնելով մեր կրած վիթխարի կորուստները, ծայրահեղ անբարենպաստ դիրքային փոփոխությունները, թշնամու կողմից ճանապարհների վերահսկողությունը և օդային գերակայությունը, սակայն սա բացարձակ անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Արցախը մնա անմատչելի հայկական ամրոց, և այնտեղ բնակվող մեր քույրերն ու եղբայրները իրենց պաշտպանված և անվտանգ զգան։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամեն մի նոր այցելությունն Արցախ ցույց է տալիս, որ մարդիկ այնտեղ աստիճանաբար թոթափում են պարտության ծանր բեռը, ինքնակազմակերպվում և ոտքի կանգնում, իսկ մեր և նմանատիպ այլ ծրագրերն էլ լրացուցիչ խթան են, որպեսզի այդ ամենն արագանա և ավելի հստակ ուղեգիծ ստանա»,-գրել է նա։
Չալաբյանը նշել է, որ հիմնադրամի ծրագրերի մեծ մասը, հաշվի առնելով դրանց բնույթը, բնականաբար չի հանրայնացվում և պատմել վերոնշյալ ծրագրի մասին։
«Շփման գիծն այժմ անցնում է այնպիսի տեղանքով, որտեղ երբևիցե մարտական ենթակառուցվածք չի եղել, դրա զգալի մասը բարձր լեռներ են։ Ավանդական ճանապարհով ամենուրեք մարտական դիրքեր տեղակայելը հսկայական մարդկային ռեսուրսներ է պահանջում, սակայն այստեղ մեզ օգնության է գալիս ժամանակակից տեխնոլոգիան։
Մեր Հիմնադրամի մասնագետների կողմից վերջին շրջանում մշակվել են տեսադիտարկման ավտոնոմ համակարգեր, որոնք ընդունակ են աշխատել առավել հեռավոր հատվածներում, առանց մարդու միջամտության, և արդյունավետ վերահսկել ընդարձակ տարածքներ։ Սա հնարավորություն է տալիս դժվարամատչելի դիրքերից հանել մեր զինծառայողներին, միևնույն ժամանակ առանց թուլացնելու մեր տարածքների պահպանության արդյունավետությունը։
Հիմնադրամի աջակցությամբ այդպիսի տեսադիտարկման սարքավորումներ են տեղադրվում Արցախյան առաջնագծի տարբեր նոր հատվածներում։ Դրանցից մեկն էլ օգնում է Խրամորթ գյուղի մեր դիրքապահներին, որոնք գտնվում են թշնամու դիրքերին դեմ հանդիման, և ամենօրյա ռեժիմով դիմագրավում են նրա սադրանքներին»,-ասվում է գրառման մեջ։
Չալաբյանը հավաստիացրել է, որ ժամանակի ընթացքում, նման համակարգեր կհայտնվեն բազմաթիվ այլ վայրերում, և կդառնան հուսալի աչքեր՝ դիտարկելու թշնամու շարժը և խափանելու նրա սադրանքները։
«Նույն կերպ, մեր և նմանատիպ այլ ծրագրերը, իրար լրացնելով, աստիճանաբար ավելի անվտանգ և պաշտպանված կդարձնեն Արցախը, և թույլ կտան մարդկանց այնտեղ ապրել լիաթոք կյանքով և շենացնել իրենց հայրենի երկիրը»,-ասվում է գրառման մեջ։
Ընթերցեք նաև․ ԱՀ դատախազություն․ Ադրբեջանը շարունակում է լարված մթնոլորտում պահել Խրամորթի մեձակայքը