7 մարտի 2022 - 16:56 AMT
Պատգամավոր․ Հացահատիկի մասով խնդրի առաջ կարող ենք կանգնել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում հացահատիկի մեծ մասը ստանում ենք Ռուսաստանից, բայց քանի որ ՌԴ-ն կարող է սահմանափակումներ մտցնել, երկիրը կարող է կանգնել խնդրի առաջ:

«Կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց՝ ով 3000 հեկտար հող ունի, ցանեք ցորեն, դա մի քիչ դիլետանտ մոտեցում է, որովհետև ամեն հողի վրա հնարավոր չէ ցանել ցորեն»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հակոբյանի արձանագրմամբ՝ Հայաստանի կարևոր խնդիրներից մեկն այսօր դոլար-դրամ փոխարժեքը կայուն պահելն է։

«Տարբեր տվյալներով օրը մոտ 6000 Ռուսաստանի և մի քիչ էլ Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան և իրենց հետ հիմնականում բերում են ռուբլի։ Այդ ռուբլին փորձում են փոխանակել, և այսօր ամենակարևոր խնդիրը՝ պահենք, որ տարադրամի արտահոսք չլինի։ Ես ինչքան գիտեմ՝ կառավարության կողմից հիմա մշակվում է այսպիսի բանաձև, որ ցանկացած օտարերկրյա ներդրող, եթե գումարով եկավ ու բանկում բացեց հաշիվ, մինիմում գումարը վեց ամիս պետք է պահի այստեղ։ Սա զսպող մեխանիզմներից մեկն է»,- ասել է նա։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։