«Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը կվերանայվի՝ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան նախագիծը։
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
«Վերջին շրջանում Հայաստանի արտադրաշուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել ծխախոտի փոխարինիչ հասկացությունը՝ ներառելով նաև այդ արտադրատեսակների բնութագիրը։ Դա թույլ կտա տարբեր արտադրատեսակների նկատմամբ տարբեր մոտեցումներ չկիրառել և խուսափել խոչընդոտներից վերահսկողության ընթացքում»,- ասել է Լենա Նանուշյանը։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով փոխնախարարին, ասել է, որ մարիխուանայի և այլ թմրեցուցիչների վաճառքը «խայտառակ համատարած բնույթ է կրում», այդ թվում՝ Տելեգրամ ալիքներով։
Նանուշյանը նշել է, որ ներկայացվող նախագիծը ընդհանրապես չի առնչվում այդ ոլորտին։