9 մարտի 2022 - 19:17 AMT
Ադրբեջանական կողմը ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ, տեղեկացնում է ԱՀ դատախազությունը։

Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել են «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները:

Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։

Մարտի 8-ին` ժամը 23։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։