10 մարտի 2022 - 11:43 AMT
Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել․ Ականը պայթել է տան բակում

Մարտի 10-ին, ժամը 10:35-ին Արցախի ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:

Ականը պայթել է տան բակում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։

Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։