Թուրքական դատարանն արդարացրել է հայկական եկեղեցու պատին պարած անձանց, հայտնում է Duvar կայքը։
2021-ի հուլիսին Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատի վրա պարած 3 անձի հետ կապված միջադպը հարուցել էր տեղի հայ համայնքի վրդովմունքը։
Ըստ Ստամբուլի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացության, մեղադրյալներ Օզանքան Յ․-ին, Յունուս Էմրե Ու․-ին և Օմեր Ֆարուք Ա․-ին սպառնում էր մինչև 1 տարվա ազատազրկում՝ «Հանրության որոշակի մասի կրոնական արժեքների հրապարակային ստորացման» համար։ Սակայն դատարանի դատավճռում ասվում է, որ նրանք հանցավոր դիտավորությամբ չեն գործել։ Այդ մասին հայտնել է Ստոկհոլմյան ազատության կենտրոնը։
Միջադեպի օրը տղամարդիկ ավտոմեքենայով եկել են հայկական եկեղեցու մուտքի մոտ։ Մինչ Օզանքան Յ․-ն երաժշտություն է միացրել ավտոմեքենայում, Յունուս Էմրե Ու․-ն և Օմեր Ֆարուք Ա․-ն բարձրացել են եկեղեցու դարպասի վրա, որտեղ խաչ է տեղադրված, և պարել են այնտեղ։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։
Այդ գործողությունը հանրության վրդովմունքն է առաջացրել և քննադատության արժանացել սոցցանցերում։