11 մարտի 2022 - 12:26 AMT
Միրզոյանն Անթալիայում Լավրովին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նա կարևորել է լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:

Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։