12 մարտի 2022 - 10:42 AMT
Բայրամով․ Ադրբեջանը 5 կետանոց առաջարկ է արել ՀՀ-ին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Հայաստանին և այժմ պատասխանի է սպասում։ Այդ մասին նա ասել է «Անադոլու» գործակալությանը, գրում է Trend-ը։

Բայրամովը, սակայն, խոսել է միայն սահմանազատման և սահմանագծման կետի մասին՝ չբացահայտելով մյուսների բովանդակությունը։

«Մենք որոշ հիմնարար սկզբունքներ ենք առաջարկել հայկական կողմին։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել զարգացնելու հարաբերությունները որոշակի սկզբունքների հիման վրա։ Եթե Հայաստանն անկեղծ ուզում է կարգավորել հարաբերությունները, սա նրանց համար շատ լավ հնարավորություն է։ Պատասխանը պետք է հայտնի դառնա մոտ ապագայում և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա։

Այս օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը գտնվում է թուրքական Անթալիայում։ Այնտեղ է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրանք մասնակցում են Անթալիայի դիվանագիտական համաժողովին։