12 մարտի 2022 - 11:26 AMT
Պատգամավոր. Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է Սյունիքով միջանցք ստանալու համար

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակից և ամեն ինչ անում է, որպեսզի հասնի իր վաղեմի նպատակին՝ ստանա Սյունիքով միջանցք, որով կմիավորեն թուրքական երկու աշխարհները:

Նա հավելել է, որ Արցախում էլ տեսնում են՝ եթե առաջ գալու հնարավորություն կա, այնտեղ ևս առաջ են շարժվում: Պատգամավորն այս իրավիճակում անհասկանալի է համարում այս իրավիճակում Հայաստանի իշխանության վարքագիծը, գրում է «Փաստինֆոն»։

«Այս ֆոնին բանակցել թուրքական կողմի հետ, խոսել խաղաղության դարաշրջանի մասին, անհեթեթ է: Հետաքրքիր է՝ այս իրավիճակում ի՞նչ է բանակցում մեր կառավարությունը Թուրքիայի հետ»,-ասել է Հակոբյանը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կաշկանդվածություն ունեն իշխանություններն Արցախի անկախությունը ճանաչելու հարցում՝ Վահե Հակոբյանը նշել է․ «Չեմ կարող ասել, թե ինչ կաշկանդվածություն կարող են ունենալ, բայց կարող եմ ենթադրել, որ խնդիր է դրվել ամեն գնով կարգավորել հարաբերությունները թուրքերի հետ՝ չգիտեմ իրե՞նք են իրենց առաջ դրել, թե՞ մեկ ուրիշն է դրել»:

Անդրադառնալով ցորենի արտահանումները սահմանափակելու ՌԴ որոշմանը՝ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը և Արցախը համատեղ օգտագործում էին 500-600 հազար տոննա հացահատիկ, որից 30%-ը մինչև պատերազմն ապահովում էր Արցախը, և քանի որ այդ հնարավորությունն այլևս չկա, հիմա Հայաստանը 99%-ով կախվածություն ունի ՌԴ-ից:

«Հիմա իրենք ինչ պետք է անեն՝ գնան ՌԴ կառավարության դռները կոտրեն, խնդրեն, հիստերիայի մեջ ընկնեն, ինչ ուզում են անեն, բայց պետք է ստանան մեզ անհրաժեշտ հացահատիկի քանակը»,-ասել է նա:

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։