12 մարտի 2022 - 12:05 AMT
ԱՀ ՊՆ․ Գիշերն Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակներով

Մարտի լույս 12-ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ԱՀ ՊՆ-ն նաև հերքել է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը։

«Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ամբողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական»,-ասվում է հայտարարության մեջ։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։