12 մարտի 2022 - 13:53 AMT
Չավուշօղլուն «շատ կառուցողական» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը

Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում, գրում է National Post-ը։

Հանդիպումից հետո Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը, գրում է Interfax.az-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը ևս սատարում է Անկարայի և Երևանի երկխոսությանը։

Նշվում է, որ Միրզոյանն իր հերթին ասել է, որ Երևանը կշարունակի ջանքեր գործադրել Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում։

Համաժողովը մեկնարկել է մարտի 11-ին և կտևի մինչև մարտի 13-ը, դրան մասնակցում է նաև ՀՀ-ն։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարող են հանդիպում ունենալ թուրքական Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում։