14 մարտի 2022 - 11:45 AMT
Չավուշօղլու․ Ադրբեջանի և ՀՀ բանակցություններում 3-րդ կողմի կարիք չպետք է լինի

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ ՀՀ և Ադրբեջանի բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում։

«Իմ կարծիքով, Ադրբեջանի և ՀՀ բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չպետք է լինի»,-ասել է նա Անթալիայում դիվանագիտական համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, գրում է Interfax.az-ը` TRT Haber-ին հղումով։

«Պատերազմ է եղել, օկուպացիա է եղել, բայց ամեն ինչ ավարտվել է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին քննարկեն»,-ասել է նա։

Մարտի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:

Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։