14 մարտի 2022 - 16:43 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է ՀՀ-ին արված առաջարկների բովանդակությունը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ առարկայական, ինտենսիվ բանակցությունների, եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկները, գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է դրանց բովանդակությունը, գրում է Sputnik Ադրբեջանը։

Առաջարկները հետևյալն են․

• Միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության ճանաչում

• Միմյանց հանդեպ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման նկրտումներ չառաջադրելու իրավաբանական պարտավորություն

• Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող այլ գործողություններից

• Պետսահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում

• Տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և բանակցություններ կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Հայաստանին և այժմ պատասխանի է սպասում։ Բայրամովը, սակայն, խոսել էր միայն սահմանազատման և սահմանագծման կետի մասին՝ չբացահայտելով մյուսների բովանդակությունը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ ՀՀ և Ադրբեջանի բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում։