15 մարտի 2022 - 10:25 AMT
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում, Ադրբեջանի հետ սահմանազատումը, ՀՀ-Թուրքիա երկխոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 14-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է և մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։