2 ապրիլի 2009 - 14:21 AMT
Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Թուրքիային գազի հարցում
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը կկասեցնի գազի առաքումը Թուրքիա, եթե Անկարան համաձայնագիր կնքի Երեւանի հետ մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որոշակի առաջընթացի հասնելը: Այս խոսքերի լրջությունն ապացուցելու համար անցած շաբաթ Բաքուն հուշագիր կնքեց Մոսկվայի հետ, որի շրջանակներում Ադրբեջանը գազ կառաքի Ռուսաստան շուկայական գներով»,-գրում է մեկնաբան Բարչին Յինանչը «Հյուրիեթ Դեյլի նյուսում»: Նրա կարծիքով, այժմ Անկարան ու Բաքուն փորձում են պայմանավորվել ադրբեջանական գազի գնի մասին, որը Թուրքիան գնում է Ադրբեջանից Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի միջոցով:

Թուրքիայի կողմից ադրբեջանական գազը 1000խմ դիմաց 120 դոլարով գնման վերաբերյալ պայմանագրի ժամկետն արդեն վաղուց սպառվել է, այժմ Բաքուն ցանկանում է Թուրքիա առաքվող գազի համար ստանալ 350 դոլար 1000 խմ դիմաց: «Թուրքիայի կառավարությունն այժմ Բարաք Օբամայի վարչակազմի ճնշման տակ է: Երեւանն ու Անկարան համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները բազում հարցերի շուրջ, սակայն դեռեւս կան կետեր, որոնց շուրջ կողմերի կարծիքները չեն համընկնում: Թուրքական կողմը ցանկանում է ընդգրկել Լեռնային Ղարաբաղի հարցը համաձայնագրի մեջ, սակայն Երեւանը չի տալիս իր համաձայնությունն այդ հարցում»,-գրում է Յինանչը: