17 մարտի 2022 - 12:29 AMT
Միրզոյանը կարևորել է ՅՈւՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը ԼՂ պատմամշակութային կոթողների պահպանմանը

Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը և ինքնության խեղաթյուրմանը:

Այդ համատեքստում նախարար Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել այդ նպատակով Ադրբեջանում պետական աշխատանքային խմբի ստեղծման փաստին: Ընդգծվել է նաև, որ այս գործողությունները բացահայտորեն դեմ են գնում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ կայացված որոշմանը։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտության և հակամարտության գոտում անխոչընդոտ ներգրավվածության հրատապությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի պատմամշակութային կոթողների պահպանման և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։ Ընդգծվել է «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության առաջնահերթ իրականացումը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում: Նա նշել է նաև, որ Հայաստանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղության առաջմղմանը, զարգացմանը և արդյունավետ բազմակողմանիությանը, որոնք Կազմակերպության հիմնասյուներն են:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարե,լ էր, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը Հայաստանը համարում է առաջնահերթ և հրատապ, սակայն դա մինչ օրս չի իրականացվել։

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»:

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։