17 մարտի 2022 - 17:27 AMT
Զախարովա․ Մարտի սկզբից հրադադարի կանոնավոր խախտումներ ենք գրանցում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, ասել է, որ մարտի սկզբից հրադադարի կանոնավոր խախտումներ են գրանցում։

«Մենք մտահոգված ենք այդ տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում) և հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակով։ Մարտի սկզբից հրադադարի կանոնավոր խախտումներ ենք գրանցում։ Ռուս խաղաղապահ զորակազմն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում կայունության ապահովման և իրավիճակի վերահսկման ուղղությամբ։ Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից զինված միջադեպեր չեն արձանագրվել»,-ասել է նա։

Զախարովան նաև ասել է, որ տեղյակ են Արցախում գազատարի վթարի հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին, շփումների մեջ են երկու կողմերի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի, այդ խնդրին լուծում տալու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է սահմանին, ապա Մոսկվան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատ գործընթացի շուտափույթ մեկնարկին՝ համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով»,-ասել է նա։

Զախարովան հավելել է, որ ՌԴ դիրքորոշումն այն է, որ հարկավոր է խուսափել քայլերից, որոնք կարող են խնդիրներ ստեղծել և վատթարացնել առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակը։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը և գազամատակարարումը շուտով կվերականգնվի։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։