18 մարտի 2022 - 17:00 AMT
Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի գրավի դիմաց

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել։

Գրավի չափը սահմանվել է 10 մլն դրամ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Իսագուլյանն ազատ կարձակվի։

ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։ Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել էր։