19 մարտի 2022 - 11:14 AMT
Ուկրաինայում պատերազմի ընթացքում, ըստ տեղաբնակների, 11 հայ է զոհվել

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, տեղի հայկական կառույցների տվյալներով, 11 հայ է զոհվել։ Ըստ այդ երկրի հայերի միության՝ մարտի 18-ին Խարկովում մահացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը, նա կամավոր էր, օգնում էր իր քաղաքի կարիքավորներին՝ սնունդ և դեղորայք հասցնելով, տեղեկացնում է «Ազատությունը»։

Հայերի շրջանում զոհերից 8-ը քաղաքացիական անձինք են։

«7-ը խաղաղ բնակիչ են` ազգությամբ հայ, 3-ը, այսպես ասած, զինվորականներ: Առաջին զոհը Խերսոն քաղաքում էր, որից արդեն 10-15 օր անցել է, ունենք Չոնգար քաղաքում, Մարիուպոլ քաղաքում», - հայտնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Ուկրաինայում հայերի թիվը մինչև պատերազմը մոտ 350,000 էր, թե նրանցից քանիսն է վերջին 3 շաբաթվա ընթացքում կարողացել լքել պատերազմող երկիրը, հայտնի չէ։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասել է, որ փորձում են հասկանալ, թե քանիսն են մնացել։ Դիմել են Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը, բայց վերջինս գերծանրաբեռնված է և հնարավորություն չունի նման վիճակագրություն վարելու։ «Շատ դժվարանում են գոնե ազգանուններով անջատել ամբողջ ցուցակից, որ առանձին ցուցակ մեզ համար կազմեն»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի՝ հիմնականում հայեր։ Այդ մասին ասել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։