2 ապրիլի 2009 - 18:15 AMT
Հայ թուրքագետը բացառում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը ապրիլի 16-ին
Ապրիլի 16-ին հայ-թուրքական սահմանի բացման ու Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունը քիչ հավանական է: Թուրքիան այդ քայլին չի գնա, հատկապես նախքան ապրիլի 24-ը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Հայ-թուրքական հարաբերություններն առավել բարձր մակարդակով դիվանագիտական խաղ է: Ըստ իս, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Անկարա է մեկնում առաջին հերթին քննարկելու Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ ջերմացման հնարավորությունները, թուրք-ռուսական փոխհարաբերությունների եւ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցերը»,- նշել է Արտակ Շաքարյանը: Հայ թուրքագետի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շահեկան է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին, եւ նախագահ Բարակ Օբաման ձեռնպահ կմնա Ամերիկայի հայ համայնքին հղված ուղերձում «ցեղասպանություն» բառը գործածելուց:

«Այսօր ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վաշինգտոնի համար Անկարայի վրա ազդելու լծակ է հանդիսանում: Ինձ թվում է, որ նախագահ Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը ուղերձի ժամանակ, բայց փոխարենը Անկարայից կպահանջի մեղմացնել Երեւանի հանդեպ իր քաղաքականությունը: Դրանից հետո Հայաստան կժամանի Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը, եւ մենք կկարողանանք վկա լինել հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի դիրքերի մեղմացմանը»,- նկատել է Շաքարյանը:

Wall Street Journal ամերիկյան հրատարակությունը, վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիան եւ Հայաստանն արդեն ապրիլի 16-ին կարող են բացել սահմանը եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Կողմերի պաշտոնական ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը: