Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգել են 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված հայերի ջարդերի զոհերի հիշատակը։ Նման առաջարկ է արել «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Նա նշել է, որ տիրող իրավիճակում, Արցախից եկող ազդակների համատեքստում պետք է, որ աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում։
1920 թ. Շուշիում սանձազերծված ջարդերի ժամանակ, որոնք 4-5 օր են տևել, մոտ 20, 000 հայ է սպանվել։
1920 թ. Շուշի քաղաքում տեղի է ունեցել հայ ազգաբնակչության մասսայական կոտորած, ջարդեր, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների, ներկայիս ադրբեջանցիների) և քրդական առանձին խմբավորումների կողմից մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց։