ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել գրքերի տպագրությունը և դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու նախագծին։ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։
Նախագիծը լիագումար նիստի օրակարգում չի ընդգրկվել 60 դեմ, 30 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ներկայացնելով նախագիծը՝ Վարդանյանը նշել է, որ այն նպատակ ունի բարձրացնել ընթերցանության հանդեպ վերաբերմունքը։
«Հույս ունեմ խորհրդարանը կկարևորի գրքի հանդեպ վերաբերմունքը, մեր հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումը և այս հարցը կընդգրկի օրակարգ»,- ասել է Վարդանյանը քվեարկությունից առաջ։
Նա նշել է, որ աշխարհի մոտ 30 երկրում, այդ թվում՝ Կանադայում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, գրքերն ու տպագրությունն ազատված են ԱԱՀ-ից, իսկ մի շարք երկրներում, այդ թվում նաև Վրաստանում, Ադրբեջանում, արտոնություններ են սահմանված։
ՔՊ-ական Թագուհի Ղազարյանն իր հերթին ասել է, որ գրքերի մի մասը՝ մանկական, ուսումնա-մանկավարժական ձեռնարկներն ազատված են հարկերից և հավելել, որ հրատարակության համար ներկվող հումքին առնչվող նախագծի երկրորդ հատվածը խնդրահարույց է։ Նա առաջարկել է դեմ քվեարկել նախագիծն օրակարգում ընդգրկելուն, քանի որ հավելյալ քննարկումներ են անհրաժեշտ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։