25 մարտի 2022 - 10:55 AMT
ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծն ապտակ է քաղաքակիրթ մարդկությանը, որը շարունակում է լռել

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով ԱՀ-ում ստեղծված իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծն ապտակ է քաղաքակիրթ մարդկությանը, որը շարունակում է լուռ մնալ։

Նա նաև նշել է, որ փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են՝ գործի դնելու ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչելու Արցախի Հանրապետությունը ու փրկելու Արցախի հայությանն էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց:

«Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում»,-գրել է նա:

Ստեփանյանը հիշեցրել է, որ 20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հանցավոր քայլերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ծավալի հանցագործությունները կանխելու համար միջազգային հանրության կողմից տասնամյակների ընթացքում ձեռնարկված կոլեկտիվ միջոցառումները զրոյացնելու փորձեր են:

«Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120,000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել:

Իսկ գազամատակարարման դադարեցումը և դրանից բխող հումանիտար աղետն իր երկրի ներքին գործ համարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումների նման պնդումներ մեկ էլ անում էր Նացիստական Գերմանիայի ղեկավարությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ՝ իրականացված զանգվածային հանցագործությունները արդարացնելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում:

Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: