25 մարտի 2022 - 13:12 AMT
Փառուխի համայնքապետ․ Ադրբեջանցիները բարձրացել են Քարագլուխ՝ ռուսները բանակցում են, բայց բանակցության բան չի

Ադրբեջանցիների հետ բանակցությունները արդյունք չեն տվել, դեռ Փառուխ գյուղում են, բարձրաձել են Քարագլուխ, մինչև հիմա այնտեղ են: Այդ մասին հայտնել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Նույն վիճակն է, ոնց որ երեկ, ռուսները շարունակում են բանակցել, բայց բանակցության բան չի, չգիտենք՝ ինչ կլինի, ոչ մի բան մեզ չեն ասում»,-ասել է համայնքապետը:

Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ իրավիճակը Փառուխում հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն մարդիկ դեռևս տարհանված են:

Համայնքապետը շեշտել է, որ Քարագլուխը շատ կարևոր բարձունք է, որտեղից հակառակորդը կկարողանա իր դիտարկման ներքո պահել գյուղերը. «Դրանից ներքև բոլորը հայկական գյուղեր են, դրանք բոլորը կկարողանան ադրբեջանցիները դիտարկել»,-ասել է Միքայելյանը:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, հայտնում է Արցախի ՊԲ-ն: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։