26 մարտի 2022 - 10:43 AMT
Ֆրանսիան կոչ է անում, որ Արցախում «առաջ եկած ուժերը վերադառնան ելման դիրքեր»

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, կոչ է արել, որ «առաջ եկած ուժերը վերադառնան իրենց ելման դիրքեր»՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության համապատասխան։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում միջադեպերի, այդ թվում՝ Փառուխում ու Խրամորթում զինված ուժերի մասնակցությամբ միջադեպերի ու զորքերի տեղաշարժի առնչությամբ։ Ֆրանսիան նաև մտահոգված է գազամատակարարման նոր դադարեցմամբ և հորդորում է վերականգնել այն»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ այդ երկրի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարը հարցը բարձրացրել է ՀՀ և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներում՝ հորդորելով անհապաղ վերականգնել Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը եղանակային ցուրտ պայմաններում։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ «երկխոսության առաջմղման և տարբեր հարցերի քննարկման նպատակով»։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 14-ը՝ վիրավորվել։