26 մարտի 2022 - 10:56 AMT
ՊԲ․ Ադրբեջանը ելման դիրքեր չի վերադարձել, հայկական կողմի վիրավորների թիվը 15 է

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, 1 զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս 12-ը` բավարար, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող։