29 մարտի 2022 - 18:03 AMT
Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքուն մտադիր է խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե ՀՀ-ն «պատրաստ է կոնկրետ քայլերի»

Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ ԱԽ հայտարարությանը, նշել է, որ եթե հայկական կողմը դա որպես լուրջ քայլ է դիտարկում, ապա «ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել» և հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դրան։

Նշվում է նաև, որ Բաքուն կոնկրետ սկզբունքներ է առաջ քաշել, որոնց վրա պետք է հիմնվի այդ համաձայնագիրը, գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե «տարածաշրջանում լարվածության աճի պատճառը Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելն է»։ «Հենց Հայաստանն է խախտում եռակողմ հայտարարության դրույթները, նպաստում լարվածության աճին տարածաշրջանում և խարխլում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև թե Հայաստանը, «որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմների մասին»։

ՀՀ անվտանգության խորհուրդը մարտի 28-ին կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված: ԱԽ հայտարարության մեջ ասվում է, որ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:

«Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասվում է ՀՀ ԱԽ հայտարարության մեջ։

Ընթերցեք նաև․ Սիմոնյանն ու Գաֆարովան վիճել են ԱՊՀ նիստում․ ՀՀ ԱԺ նախագահը նշել է՝ հրադադարի խախտումը ֆիքսել է նաև ՌԴ-ն