ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ` հանդիպման կազմակերպմանը նպաստել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Գրիգորյանն ու Հաջիևը նաև առանձնազրույց են ունեցել։
Մասնավորապես, քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
«Բովանդակային քննարկումների ընթացքում մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ամբողջ շրջանակը՝ որպես երկու երկրների ղեկավարների և Շառլ Միշելի միջև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն», – ասված է ԵՄ կայքում։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում՝ շարունակելու քննարկումները, այդ թվում՝ դեկտեմբերի 14-ին երկու երկրի ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ:
Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն նաև երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր:
Նշվում է, որ Եվրամիությունը նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը։
Ապրիլի 6-ին կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
Վերջին անգամ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2021-ի դեկտեմբերին 14-ին՝ Բրյուսելում, կրկին Միշելի մասնակցությամբ։ Քննարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Ապա դեկտեմբերի 15-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ալիևի եռակողմ հանդիպումը։