31 մարտի 2022 - 13:55 AMT
Բեգլարյան․ Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում ռազմավարական աջակցությունն Ադրբեջանին

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի այցին Ադրբեջան, նշել է, որ ՄԹ-ն չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե «վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել»։

«Ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ...

Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը:

Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել:

Դա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետևանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը»,-ասվում է գրառման մեջ:

Բեգլարյանը նաև հավելել է, որ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը «ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 30-ին մեկօրյա այցով Ադրբեջան ժամանած Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հեփփին ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում ի թիվս այլ հարցերի քննարկելու է նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը»։