31 մարտի 2022 - 19:10 AMT
ՄԹ Համայնքների պալատի ՀՀ հետ բարեկամության խումբ. Ադրբեջանի ԶՈւ-ն ԼՂ-ում պետք է հետ քաշվի ելման դիրքեր

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի ՀՀ հետ խորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտել է ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնի ֆեյսբուքյան էջում։

«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինուժի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, հատկապես՝ Փառուխի և Խրամորթի հատվածներում, որոնք չարդարացված են և սադրիչ: Տեղի բնակչությանն ուղղված տեղահանման կոչերը, անօդաչու թռչող սարքերի կիրառումը և Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը թշնամական գործողություններ են խաղաղ բնակչության դեմ և վտանգում են նրանց կյանքը։ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, և չխոչընդոտել գազամատակարարման վերականգնմանը։

Դա հրադադարի հերթական կոպտագույն խախտում է, Ադրբեջանի կառավարությունը, փորձում է օգտվել Ուկրաինայում պատերազմի հետևանքով առաջացած անկայունությունից՝ կրկին իր անհիմն տարածքային պահանջները ներկայացնելով։

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը խնդրի խաղաղ կարգավորմանը հասնել դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հարձակման միջոցով: Իսկ մինչ այդ, Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ ենք անում միանալ արևմտյան այլ ժողովրդավարություններին և դատապարտել ադրբեջանական ռեժիմի ռազմատենչ գործողությունները և օգտագործելով դիվանագիտական բոլոր ճնշումները՝ նախագահ Ալիևին ստիպելու համար վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։