2 ապրիլի 2022 - 11:10 AMT
ՀՀ նախագահն ու վարչապետը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը կարևորել են ԼՂ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանն ուղղված գործընթացին Հայաստանի Հանրապետության լիակատար աջակցությունը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը կարևորել է հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և ընդգծել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ևս կարևորել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը և նշել, որ այս հակամարտության վերջնական լուծման համար առաջին հերթին հակամարտող կողմերը պետք է մեծ կամք և քաղաքական պատրաստակամություն ցուցաբերեն: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է ջանքեր ներդնել՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու այս տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը:

Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: