4 ապրիլի 2022 - 13:35 AMT
Քաղաքապետ․ Ինչ-որ մեկն առևտրի կետ է բացել Ամիրյանի վրա, մի քիչ էլ թողնենք՝ ապօրինի շինություն կսարքի

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ qաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է, թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փողոցային առևտրի հետ կապված ինչ լիազորություններ ունի։

Նա նշել է, որ «ՍԱՍ» սուպերմարկետի և Ամիրյան փողոցի արանքում ինչ-որ մեկը առևտրի կետ է բացել։

«Բիզնես է դարձել: Մի քիչ էլ թողնենք, ապօրինի շինություն կսարքի մայթի վրա»,- ասել է Սարգսյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում։

Տեսչական մարմնի ներկայացուցիչը պատասխանել է, որ այդ առումով գրեթե ոչ մի լիազորություն չունեն՝ ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ մի վարչարարություն չեն կարող իրականացնել, միայն ԱՁ-ների, ՍՊԸ-ների դեպքում։

Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն իր հերթին նշել է, որ գիտեն՝ ում մասին է խոսքը, և որ այդ անձը անվճարունակ է, ինչքան տուգանում են՝ ազդեցություն չկա, բայց պայմանավորվել են ոստիկանության հետ, որ ուժեղացված ծառայություն սկսեն։

Սարգսյանը, նշելով, որ արդեն 3-րդ ամիսն է այդ վիճակն է, հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել այդ կետի վրա։ Նա կարծիք է հայտնել, որ քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարելու հիմքով կարելի է միջոցներ ձեռնարկել։