4 ապրիլի 2022 - 18:10 AMT
Միրզոյանը ՄԹ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութնի գլխավորությամբ պատվիրակության հետ հանդիպմանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու կարևորությունը՝ ուղղված համապարփակ վերջնական կարգավորմանը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը։

ԱԳ նախարարը մանրամասն ներկայացրել է արդբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրները:

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ստեղծված իրավիճակը։

Միրզոյանը կարևորել է բրիտանացի խորհրդարանականների ջանքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած մարդու իրավունքների խախտումների և վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրանց մարդասիրական հետևանքների դատապարտմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության սատարմանը։

Հյուրերի խնդրանքով՝ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա խորացումը և ամրապնդումը՝ այս գործում շեշտելով նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բրիտանացի խորհրդարանականները բարձր են գնահատել Հայաստանի կողմից գրանցած ժողովրդավարական առաջընթացը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացը, և այս համատեքստում գնահատել է Միացյալ Թագավորության աջակցությունը։