5 ապրիլի 2022 - 13:38 AMT
Վրաստանի խորհրդարանի նախագահը ՀՀ-ում է․ Ծիծեռնակաբերդ է այցելել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են 20-րդ դարի Եղեռնի մասին հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը։

Նախատեսված է Պապուաշվիլիի հանդիպումը նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: