6 ապրիլի 2022 - 10:32 AMT
Պետդեպ․ Բլինքենն Ալիևի և Փաշինյանի հետ զրույցներում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կարևորելով լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։ Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, Ալիևի հետ հեռախոսազրույցում Բլինքենը «զսպվածության, դեէսկալացիայի և դիվանագիտական ջանքերի վերսկսման կոչ է արել», Փաշինյանի հետ զրույցում` «ընդգծել է, որ հիմա տարածաշրջանում հետագա սրացման ժամանակը չէ»։

ԱՄՆ պետքարտուղարն «աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին»՝ այդ թվում ապրիլի 6-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ գաղափարակից գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Վաշինգտոնը կարող է աջակցել «տևական և համապարփակ խաղաղության հաստատմանը»։

Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, Փաշինյանը և Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։