6 ապրիլի 2022 - 16:08 AMT
Ապրիլը` Լոս Անջելեսի շրջանում հայկական պատմության ամիս

Ապրիլը Լոս Անջելեսի շրջանում հայկական պատմության ամիս է հռչակվել։ Նման որոշում է կայացրել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի ղեկավար մարմինը՝ հավանություն տալով անդամներ Քեթրին Բարգերի և Ջենիս Հանի առաջարկին, հայտնում է Colorado Boulevard-ը։

«Քանի որ ամսվա վերջին պատրաստվում ենք ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ կարևոր է ժամանակ հատկացնել և արժևորել մեր համայնքի անդամ հայերի մշակույթն և մեծ ավանդը»,-ասել է Բարգերը։

Ջենիս Հանն իր հերթին ասել է․ «Լոս Անջելեսի շրջանը տուն է դարձել Հայաստանի տարածքից դուրս ամենամեծ հայկական համայնքի համար և մենք հնարավորություն պետք է ունենանք մեծարելու և ուսումնասիրելու համար հայոց պատմությունը»։

Առանձին առաջարկով Բարգերը նշել է հայկական մշակույթի 4 ներկայացուցչի, որոնց գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել տեղի բնակչության վրա։ Նրանք են՝ իրավաբան Մարիամ Կյուրեղյանը, ոչ առևտրային բժշկական խմբի համահիմնադիր Սոնա Վանը, հայտնի ճարտարապետ Ռոնալդ Ալթունը և Հայկական կրթական ֆոնդի անդամ Ալ Քաբրալոֆը։