6 ապրիլի 2022 - 18:16 AMT
ՀՀ նախագահն այցելել է Չինաստանի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Չինաստանի դեսպանատուն: Նախագահը և դեսպան Ֆան Յունը շնորհավորել են միմյանց ՀՀ և ՉԺՀ միջև 30 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ:

Խաչատուրյանը շնորհավորել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին, դեսպանատան աշխատակիցներին՝ դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած 30 տարվա ընթացքում հայ-չինական հարաբերությունները զարգացում են ապրել և հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ:

Խաչատուրյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

«Հայ-չինական բարեկամության հիմքը դրվել է դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի պատմական ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվեց մշակութային և առևտրական սերտ համագործակցություն՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Երեք տասնամյակ առաջ՝ այս պատմական օրը, միջպետական հարաբերությունների հաստատմամբ մեր երկրների միջև գործակցությունը թևակոխեց նոր դարաշրջան:

Գոհունակությամբ պետք է նշել, որ ձևավորված ավանդական բարեկամական և գործընկերային կապերը հաստատուն և վերընթաց կերպով անշեղորեն զարգացան:

Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալի արդյունքներ գրանցել երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում` հասարակական, քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանության, հումանիտար: Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ անհրաժեշտ ջանքեր գործադրել Հայաստանի և Չինաստանի միջև սերտ փոխգործակցության կայուն ու հետևողական զարգացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասվում է ուղերձում։