6 ապրիլի 2022 - 18:23 AMT
Երևանում «Մանկական Եվրատեսիլի» անցկացման օրը հայտնի է

«Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի անցկացման օրը հայտնի է՝ այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում են Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը:

«Մանկական Եվրատեսիլը» կանցնի Երևանում նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մրցույթում ՀՀ-ն ներկայացնող Մալենայի հաղթանակի շնորհիվ։

«Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»,- ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը Snap երգով: