7 ապրիլի 2022 - 14:34 AMT
Պեսկով․ Կրեմլը ողջունում է բանակցություններ սկսելու` Երևանի և Բաքվի որոշումը

Կերմլը դրական է գնահատել խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով համապատասխան հարցին, նա ասել է «դրական», գրում է ՏԱՍՍ-ը։

«Հասկանալի է, որ գործընթացը շատ և շատ տևական է լինելու, սակայն առաջխաղացումն այդպիսի փաստաթղթի ստորագրման ուղղությամբ ինքնին արդեն դրական փաստ է և ողջունելի»,- ասել է նա։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: