8 ապրիլի 2022 - 14:05 AMT
Գյուղապետ․ Կանայք ու երեխաները չեն վերադարձել Խրամորթ, ադրբեջանցիները դեռ Քարագլխում են

Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ կային՝ որևէ փոփոխություն չի եղել ոչ մեր կողմից, ոչ իրենց։ Այդ մասին հայտնել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը, գրում է «Փաստինֆոն»։

«Կանայք, երեխաներն ու տարեցները դեռ չեն վերադարձել գյուղ, քանի որ իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ»,- ասել է Աբրահամյանը։

Ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ ընթանում են բանակցություններ, թե ոչ, Աբրահամյանը որևէ տեղեկություն չի կարողացել հաղորդել։

Մարտի 24-ից Խրամորթից և Փառուխից տարհանված բնակչությունը՝ մասնավորապես կանայք, երեխաներն ու տարեցները չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի օջախները, քանի որ և Խրամորթը, և Փառուխը Քարագլխին հաստատված թշնամու ուղիղ նշանառության տակ են, և բնակիչների ֆիզիկական գոյությունը լուրջ վտանգի տակ կդրվի։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։