Երևանի «Մետրոնոմ», «Ռոսիա մոլ»և «Մեգամոլ» առևտրի կենտրոնների տարածքում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգեր են ստացվել հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 500 քաղաքացու:
Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:
Ապրիլի 8-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու:
Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ: